Search

«Կլիմայի կայուն զարգացում»․ նոր ակումբ ԵԱԴ-ում


Երիտասարդական ակումբների դաշնության անդամ-ակումբների կազմը համալրվեց ևս մեկով։ Այս անգամ մեր կազմակերպությանն է միացել «Կլիմայի կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը։

«Կլիմայի կայուն զարգացում» ՀԿ բնապահպանական հասարակական կազմակերպություն է, որն իր գործունեությունը ծավալում է Արթիկում 2021 թ.-ի փետրվարից։ Ըստ կազմակերպության նախագահ Լիլիթ Հաջաթյանի՝ կազմակերպության ստեղծումը անհրաժեշտություն էր դարձել Արթիկ համայնքի համար, քանի որ արձանագրել էին բազմաթիվ խնդիրներ՝ աղբանությունից մինչև հանքարդյունաբերություն, իսկ համայնքում չկային նման կազմակերպություններ, որ կզբաղվեին առկա խնդիրների վերհանմամբ և դրանց հնարավոր լուծմամբ։

Կազմակերպությունն այսօր ունի բազմաթիվ անդամներ և կամավորներ՝ ինչպես Արթիկից, այնպես էլ հարակից գյուղական բնակավայրերից։ Աշխատանքային հիմնական ուղղություններից է Արթիկ համայնքում և 23 բնակավայրերում բնապահպանական միջոցառումների իրականացումը, իրազեկման դասընթացները, համայնքի բուսական և կենդանական աշխարհի խնամքին և մաքրությանը հետևելը, ինչպես նաև արդյունաբերական ընկերությունների, արտադրական այլ ձեռնարկությունների աշխատանքին հետևելը։ Կազմակերպության նախագահը նշում է, որ իրենց համար մեծ պատիվ է #ԵԱԴ-ում անդամ-ակումբ դառնալը և սա նոր հնարավորություն է՝ ավելին անելու, նոր ծրագրեր իրականացնելու ու Երիտասարդական ակումբների դաշնության հետ համատեղ բնպահպանական հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծման բանաձևեր փնտրելու։


Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։