
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ արդեն 8-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ինչպես նաև ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումն է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հյուրերի շրջանում:
Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:

Այս տարի ևս փառատոնը մեկնարկեց վաղ առավոտից Գառնիի տաճարի մոտ՝ բերքուբարիքի, ձեռքի աշխատանքների ու Վարդավառին նվիրված արվեստի գործերի տաղավար-ցուցահանդեսի բացմամբ: Այնուհետև այն շարունակվեց Գեղարդի վանքում՝ Պայծառակերպության տոնին նվիրված պատարագով, որին հաջորդեց երիտասարդների օրհնության կարգ. հոգևորականը ջուր ցողեց վանքի գավիթում և հարակից տարածքում հավաքված հավատացյալների վրա:
Կեսօրից հետո Գառնու տաճարի հրապարակում փառատոնը շարունակվեց Վարդավառի՝ հեթանոսական ավանդույթների ներկայացմամբ. մասնակիցների մեջ էին տոնակատարության հերոսները՝ Աստղիկն ու Վահագնը:
