Search

Spring Camp - գարնանային ճամբար Վալենսիայում

#Երիտասարդական #ակումբների #դաշնության պատվիրակությունը մարտի 27-ից ապրիլի 2-ը մասնակցեց Իսպանիայի Վալենսիա քաղաքում կազմակերպած գարնանային ճամբարին։ Ճամբարի հիմնական նպատակը երիտասարդական աշխատանքի կարևորությունն ընդգծելն ու այդ փորձով փոխանակվելն էր, որին մասնակցում էին ավելին քան 10 երկրների երիտասարդներ՝ Իտալիայից, Բելգիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ավստրիայից և իհարկե Հայաստանից։

Ծրագրի ընթացքում երիտասարդները մասնակցեցին առաջնորդության, ծրագրերի կառավարման, գնահատման, բյուջետավորման և սոցիալական հարթակների վարման սեմինարների, որոնք կազմակերպվել էին ոչ ֆորմալ կրթության մեթոդներով։ Ճամբարային հինգ օրերի ընթացքում երիտասարդները խորքային գիտելիքներ ստացան ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին, ինչպես նաև զարգացրեցին այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ ազատ հաղորդակցվելու կարողությունը և թիմային աշխատանքը։

Միջմշակութային կապերի ստեղծման և ամրապնդման համար ծրագրի ընթացքում կազմակերպվեցին մշակութային երեկոներ, որոնց ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց ազգային խոհանոցով, ավանդույթներով, երգերով ու պարերով։

#Երիտասարդական #ակումբների #դաշնության պատվիրակության անդամ Սոնա Մարգարյանը նշում է, որը սա իր առաջին փորձառությունն էր՝ մասնակցելու նմանատիպ փոխանակման ծրագրի և շատ կարևորում է, որ ԵԱԴ-ի միջոցով հնարավորություն ունեցավ մասնակցելու ճամբարին։ Նրա խոսքով՝ ծրագիրն իսկապես արդյունավետ էր և բովանդակալից, քանի որ ճամբարի արդյունքում մասնակիցները ստեղծեցին նոր ընկերական կապեր, կիսվեցին իրենց գաղափարներով, միասին ուսումնասիրեցին իսպանական մշակույթը և միաժամանակ վայելեցին իրենց հանգիստը Եվրոպայի ամենակրակոտ երկրում՝ Իսպանիայում։


Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը: